Պապ. թագավոր

Քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող այն մեծ ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և փարսախների նշանասյուներով, ձի հեծնելու պատվանդաններով բարեկարգել Արշակ Բ-ը, գնում էին երկու հայ գուսան՝ նվագարանները կաշվե փոկերով ուսերից կախած։ Մեկը միջահասակ, տարեց մարդ էր՝ ձեռքին փայտե գավազան, ալեխառն գլխով ու մորուսով, որ թզաչափից ավելի իջնում էր կրծքին, տալով նրան հանգիստ ու պատկառելի կերպարանք, մյուսը միջակից բարձր թասակով երիտասարդ էր՝ թուխ ու թավ մազերով, բայց աչքերը փակ, և այդ պատճառով քայլում էր իր տարեց ուղեկցին թևանցուկ ու հաճախ գայթելով։ Երկուսի հագին էլ հնամաշ հագուստներ էին, եթե չասենք ցնցոտիներ, մինչև ծնկները հասնող կարճ կապաները, որ պատռված էին շատ տեղերից, և կարկատած, վարտիսները, որոնց ծայրերը հավաքել էին բրդե գուլպաների մեջ, տրորված-ճմրթված էին ու փոշոտ, ինչպես և այծակաշուց կարած բարակ ու հին մույկերը, ինչ որ ցույց էր տալիս, թե նրանք վաղուց հագուստ չէին հանել կամ երկար ճանապարհ էին կտրել այդ հագուստներով։

— Զաքարե, չե՞ս հոգնել արդյոք,— հարցրեց երիտասարդ գուսանը իր ծեր առաջնորդին։— Եթե հոգնել ես՝ հանգիստ առնենք մի սակավ։

— Ոչ, տղաս, տակավին կարող եմ քայլել,— պատասխանեց տարեց գուսանը և, ի հաստատումն իր խոսքի, ոտքերը փոխեց ավելի արագ։— Գնանք, քանի լուս է, ապա թե ոչ— մութն ընկնի, քաղաքադուռը կփակեն և մեզ չեն թողնի Դվին։ Գիտես, որ բոլոր ճանապարհներին պարսից զինվորներ են վխտում, ամենքին չես կարող խոսք հասկացնել և… խաբել։ Պատահում են այնպես անպիտանները…

— Այդ ճշմարիտ է, Զաքարե։ Եթե չես հոգնել՝ գնանք ուրեմն, քանի լուս է…

Եվ երիտասարդ գուսանը նույնպես արագացրեց քայլերը։

Աշուն էր, զովաշունչ ու պայծառ մի աշուն, ինչպիսիք սովորաբար լինում է Արարատյան դաշտում, անսահման բարձր կապույտ երկնքից արևի տաք շողերի հետ միասին իջնում էին կարծես և օդի պաղպաջուն ալիքներ ու աղբրաջրի նման վետվետում դաշտի վրա։ Խաղողի այգիները առատ բերքով վառվում էին խայտաբղետ գույներով ու ողկույզներով, իսկ դեղձի, ծիրանի, սերկևիլի ու նռան ծառերը նրանց մեջ՝ խմբերով կամ մեկուսի կանգնած, որպես աշնան դրոշներ, փողփողում էին իրենց բազմերանգ տերևներով, որոնց մեջ աչք էին շլացնում վառ կարմիրը, վառ դեղինը և մուգ կանաչը։ Բայց ամենից ավելի աչքի էին ընկնում ծուռ ու թեք փշատենիները, որ խիտ շարքերով տարածվում էին այգիների ու ճանապարհների եզերքով, երբեմն մի գյուղից մինչև մյուսը, և իրենց մոխրագույն վարսերը, ասես դարերի փոշով թաթախած, սգավորի պես կախել էին գրեթե մինչև գետին՝ կարմրադեղին պտուղներով ծանրացած։ Իսկ նրանց տակ՝ գետնի երեսին, կանաչների վրա, շերամի փռած բոժոժների պես, թափված-տարածված էին մետաքսազգեստ փշատները այնքան առատ, որ թիով կարելի էր հավաքել և շեղջեր կազմել։ Հապա ջրե՜րը… ամբողջ դաշտում, բոլոր ճանապարհների ու արահետների կողքով և համարյա բոլոր այգիների միջով անցնում էին աշնան վճիտ առուները, որ մերթ քրքջում ու խոխոջում էին այս ու այն կողմ, բայց մեծ մասամբ ընթանում գնում էին հեզասահ ու անձայն, ասես գաղտագողի, երբեմն միայն լույծ մեջքերը դաշույնի պես փայլեցնելով արևի տակ՝ մատնում էին իրենց գոյությունը, և դրանք ամենքն էլ համարյա իրենց երեսին տանում էին դեղձ, տանձ, ընկույզ ու փշատ, որ ծառերից անմիջապես ընկնում էին առուները։

Աշնան առատությունը թափվում էր այգիներում ու ճանապարհներին, գնում էր ջրերի հետ, բայց այգիներում չկար այդ պահի սովորական կենդանությունը, չէին երևում այգեկութ անողների աշխույժ խմբեր, չէր լսվում արևառ աղջիկների ու հարսների խաղողաքաղի զրնգուն երգը, չէին լսվում խաղողն այգիներից տան հնձանները կրող սայլերի ճռինչը և սայլապանների խրախուսական ու փաղաքշական խոսքերը եզներին… Չկար առհասարակ այն ընդհանուր, համատարած մրջնային եռուզեռը, որ տարվա այդ միջոցին լինում էր Արարատյան դաշտում։

Տիրում էր, ընդհակառակը, մի չարագուշակ ամայություն ու լռություն, երբեմն միայն, այն էլ կարծես գողունի, այս կամ այն այգում երևում էր հանկարծ մի ծերունի՝ հին մի կողով ձեռքին, կամ մի պառավ՝ գոգնոցի փեշերը բռնած, որ հավաքում էր այս կամ այն պտուղը և իսկույն էլ աներևութանում թփերի, ծառերի հետև կամ կավածեփ հնձանների ու տնակների մեջ, իսկ ճանապարհին պատահող շինականներն շտապում էին տեղ ծասնել ժամ առաջ, ու քայլում էին այնպես երկյուղած, թվում էր՝ մեկը հետապնդում է նրանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *