ԳԱՂԱՓԱՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՂԵՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք ապրում ենք Երկրի վրա: Դուք արդեն գիտեք, որ դա մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կա­րելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը։ Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռևս հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ` Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա ե այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն, գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

Կազմել ուսումնական նյութ նշվածներից մեկի մասին֊Վիկտոր Համբարձումյան, Անանիա Շիրակացի, Քարահունջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *