«Հազարան հավք»-ի 5-րդ և 6-րդ հատվածները։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

-Որտե՞ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:

Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
— Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:
— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:
— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.
— Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
— Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:
    Ծերունի, Արեգ, Եղբայր, Պապ, աղջիկ, հավք, հրեշ
  2. Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական
    Կծիկ, սար, պորտ, վարդ , փուշ, սպիտակամորուս, ճանհապարհ, աշխարհ, կախար, ծաղիկ:

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
  2. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:
    Ես կընտրեի Աչեգի ճանհապարհւ, քանի որ այն խիզախների համար է:
  3. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:
    անք, ական, ունի
  4. սպիտակամորուս-բարդ, ճամփաբաժան-բարդ, պապիկ-ածանցավոր, այգի-պարզ, հրեշ-պարզ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
  5. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *