«Հազարան հավք»

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
    սիրտը ուզել – ցանկանալ
    սիրտ չհովանալ- անհանգիստ լինել
  2. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։
    Սիրտ անել, Սրտաբաց, Սրտակեր, Սառնասիրտ, Բարեսիրտ:
  3. Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:
  4. Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:
  5. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
    Նրանք անսիր, չոր զգացումներով, անխիղճ, չար հոգով և անգութ մարդիկ են:
  6. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
    Զգացի թե պառավն ինչ է զգում, ապրեցի նրա և որդու զգացումները:
  7. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:
    Հանկարծ աղջիկը նկատեց որ պապի հոգին նստել է լուսամուտին, և կանչում է նրան, որ գա և նրան տանի զբոսանքի, բայց նա հիշեց վերի զգացումները, երբ նրան հանդ տանելու պատճառով կամ նա այդպես էր կարծում, պապը մեռավ և պապին խնդրեց որ նստի իրա կողքին…
  8. ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸԼուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
    — Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
    Հող ու ջրի առատ Աստված
    Դու, որ էսքան բարիք ու փառք,
    Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
    Ստեղծել ես, փռել, լցրել,
    Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
    Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
    Էս աշխարհքից իմ որդին գնաց`
    Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
    Ու ինչպես որդիս իր մոր գրկին
    Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
    Նրանք էլ թող իրենց կյանքից
    Կարոտ գնան լիքն աշխարհքից.
    Դրախտ այգին կտրի չոր փուշ,
    Իրենք` գազան` չար ու ապուշ:
    Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

    Հարցեր և առաջադրանքներ՝

    1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
    2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
      Քանի որ այգեպանները անգութ գյադեք էին:
    3. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:
      Այգեպան, պտղաբեր, աշխարագրություն, աչքալուսանք, չարասիրտ:
    4. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:
      Արևային, Հողային, Ջրային
    5. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։
      Ծովերն

ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՛նքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ (4-5 հարց բու առաջադրանք)

  1. «Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում» – բացատրիր տվյալ տողը:
  2.  Բացատրիր սևով նշված բառերի իմաստները:
  3. Բացատրիր կապույտով նշված դարձվածքների իմաստը:
  4. Գտնել բոլոր հականիշ բառակապակցությունները, օրինակ    « գալիս էր, գնում էր»
  5. Գրիր շարադրություն «Եթե հանկարծ տեսնեի Հազարան Հավքին»

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *